Եթե ռուսները ինչ-որ բան են կազմակերպում, անում են թափով: Միջազգային տնտեսական համաժողովի՝ «Ռուսական Դավոսի» դեպքում, որ հինգշաբթի օրը սկսվեց Սանկտ Պետերբուրգում, դա արտահայտվեց դեռ անցյալ ուրբաթ:
400-ից ավելի Mercedes-ներ դժվարացրել էին օդակայանի ճանապարհով երթևեկը՝ համաժողովում աշխատող վարորդները վերջին փորձն էին անցնում: Բնակիչները նախապես զգուշացված էին, նրանց խնդրել էին համբերատար լինել և այլ երթուղիներ ընտրել: Նրանք լիակատար ըմբռնում դրսևորեցին: Բոլոր դեպքերում՝ համաժողովը մեծ միջոցառում է Վլադիմիր Պուտինի ծննդավայրում և իր գոյության 20-րդ տարում ավելի կարևոր է, քան երբևէ: Գրանցվել է 5 հազար մասնակից: Հիմնական ծրագիրն ընդգրկում է 108 տնտեսական միջոցառում՝ 50 % ավելի անցյալ տարվանից: Համաժողովի բյուջեն ռեկորդային 32 միլիոն եվրո է: 39 նախարար 26 երկրներից տեղեկացրել են իրենց ժամանումը, արտասահմանյան 250 մեծ կոնցեռնների ու 700 ռուսական ձեռնարկությունների ղեկավարներ՝ ևս: Դա համարյա հիշեցնում է անցած տարիների տնտեսական բումի լավագույն ժամանակները, երբ աշխարհը դեռ նոր էր հերթ կանգնում ռուսական յուղոտ կարկանդակի կտորի համար: Գործնականում կարելի է մոռանալ, որ Ռուսաստանը իր ագրեսիվ արտաքին քաղաքականության և ներքին քաղաքական մեքենայությունների պատճառով հայտնվել է տնտեսական մեկուսացման մեջ, որ ամրապնդվեց արևմտյան պատժամիջոցներով: Այդ պատժամիջոցների գոյության 3-րդ տարում նույնիսկ եվրոպացիներն են ակտիվորեն վերադառնում Սանկտ Պետերբուրգի համաժողով: Գերմանիայից՝ նույնպես: ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը կժամանի ուրբաթ օրը: Բավարիայի վարչապետ Հորստ Զեեհոֆերը հաստատել է իր մասնակցությունը դեռ անցյալ շաբաթ: Իսկ Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնին Պուտինը նույնիսկ հրավիրել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ լիագումար նիստին: Դա ևս մեկ կսմիթ է ԵՄ-ի հասցեին, որովհետև Ավստրիան քննարկումների ժամանակ երբեք կողմնակից չի եղել պատժամիջոցներին:
Անցած երկու տարիներին Պուտինը հրավիրել էր Հունաստանի ու Իտալիայի վարչապետներին՝ սեպ խրելու համար ԵՄ-ում: Siemens ընկերությունը կներկայացնի վարչության նախագահ Ջո Կեզերը: Կլինեն նաև Uniper-ի ու Wintershall-ի ղեկավարները, Deutsche Bank-ի, SAP-ի ու BASF-ի կառավարման խորհրդի անդամները: Գերմանական տնտեսության արևելյան կոմիտեի նախագահ Վոլֆգանգ Բյուխելը՝ նույնպես: Շվեյցարական ու ֆրանսիական կոնցեռնների դեպքում նույն պատկերն է, ինչպես՝ նավթային կոնցեռնների: «Իրավիճակը նկատելիորեն լիցքաթափվել է»՝ ասաց Միխայել Հարմսը՝ Արևելյան կոմիտեի նախագահը: Անցյալ տարի Բեռլինը դեռ խնդրել էր կոնցեռններին զուսպ արձագանքել՝ այս տարի նման հրահանգներ չեն եղել: «Ռուսական Դավոսը» համարվում է աշխարհին ու մասնավորապես Եվրոպային, Ռուսաստանի տնտեսական վերաբերմունքի ցուցիչ, և զգացվում են լարումի զգույշ թուլացման նշաններ: Կենտրոնական բանկի տնօրեն Էլվիրա Նաբիուլինան վերջերս պատմում էր դառը ճշմարտությունը, որ ավարտին է մոտեցել հումքի մեծ պահանջարկի ժամանակը, որի շնորհիվ Ռուսաստանը ապրում էր անցած բոլոր տարիներին: Տնտեսագետների համար վաղուց արդեն գաղտնիք չէ, որ Ռուսաստանը պետք է ստեղծի ներդրումների համար գրավիչ աճի մոդել, որը պետք է ավելի տեսանելի հաջողությունների համար գործարար միջավայրում և ժամանակակից տեխնոլոգիաներին հաղորդակցվելու համար: Դա վաղուց գիտեն և ռուսական իստեբլիշմենտի տնտեսական ազատական թևում: Համենայն դեպս, Պետերբուրգի տնտեսական համաժողովի թեմաների ընտրության մեջ այդ գիտակցությունը առավել ակնհայտ է դառնում: «Համաժողովը նվիրված է հիմնականում ապագայի այնպիսի արդիական միտումների, ինչպես դիջիթալիզացիան, կլիմայի փոփոխություններն ու մոբիլությունը,- ասում է Ռայներ Լինդերը՝ Schaeffler-ի արևելաեվրոպական ու մերձավորարևելյան մասնաճյուղի կառավարման խորհրդի անդամը, որ երկար տարիներ մասնակցում է համաժողովին:- Դա թույլ է տալիս եզրակացնել, որ Ռուսաստանում մեծ հետաքրքրություն կա տեխնոլոգիաների փոխանցման նկատմամբ՝ անկախ պատժամիջոցներից կախվածությունից ու բազմաչարչար ներմուծման փոխարինումից»:
Կարծես, Պուտինը գիտակցում է, որ ժամանակակից տեխնոլոգիաներ կարող է ձեռք բերել միայն Արևմուտքի հետ համագործակցության դեպքում: Իսկ ճնշումը մեծանում է, հատկապես հաշվի առնելով, որ 2018-ի սկզբին նախագահական ընտրություններ են: Ռուսաստանցիների ռեալ եկամուտները նվազել են մինչև 2009-ի ֆինանսական ճգնաժամի մակարդակը՝ ինչպես հաղորդում է Արտաքին տնտեսական բանկը: Հինգ տարում Պուտինն արդեն չի կարող իր ժողովրդին առաջարկել կենսամակարդակի բարձրացում քաղաքական չմիջամտության փոխարեն: Այդ ամենն այդքան վատ չէր լինի, բայց իշխանության պուտինյան կառույցը հիմա ավելի մեծ վտանգի սպառնալիքի տակ է՝ գրել է ռուս հայտնի քաղաքագետ Լիլիա Շվեցովան: Ներքին քաղաքականության համար կարևոր՝ մեծ տերության կարգավիճակը, որի վրա հենվում է նրա կառավարումը, ճոճվել է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ֆլիրտը չստացվեց, հիմա էլ Չինաստանն է, ի թիվս այլ նախագծերի՝ Մետաքսի մեծ ճանապարհով, սկսել հստակ բանաձևել իր աշխարհաքաղաքական հավակնությունները: Ռուսաստանի համար դա նշանակում է աշխարհաքաղաքական անկում մինչև երկրորդ լիգայի մակարդակ: «Այսօր Կրեմլում տանջագին պիտի մտածեն՝ ինչպես և ինչով, ինչպես և ում հետ պետք է փչեն գերտերության ամպը»՝ ասել է Շվեցովան:
Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովը տնտեսական մակարդակով պատկերացում է տալիս՝ ինչպես է Կրեմլը նոր ալյանսներ որոնում: Չինացի գործընկերները, որոնց վերջերս հրապարակավ թիկունք ցույց տվեցին, որպեսզի իմանան հնարավորի սահմանը, այս տարի համաժողովում կարևոր դեր չեն խաղում: Փոխարենը ցուցադրվում է Հնդկաստանի հետ մերձությունը: Բացի այդ՝ Շվեյցարիան, Ճապոնիան, Իտալիան, Սերբիան և Աֆրիկան ստացել են իրենց հարթակները: Նրանց մեջ է և Գերմանիան, որ դեռ «մոդեռնացման ցանկալի գործընկեր է, բայց ՈՒկրաինայի ճգնաժամը սկսվելուց հետո դադարել է առաջինը լինել»՝ ինչպես ձևակերպեց գերմանական տնտեսության ներկայացուցիչը: Պետերբուրգի համաժողովում Ռուսաստանը հստակ չի որոշարկում՝ որոնք են իր արտաքին տնտեսական գերակայությունները: Աշխարհի բոլոր կողմերից տարբեր երկրների հետ տնտեսապես համագործակցելու փորձը անորոշության դրսևորում է:
Էդուարդ ՇՏՏԱՅՆԵՐ, Die Welt
Հ.Գ. Զուտ գերմանական պրագմատիկ եզրակացություն՝ բոլորի հետ ամեն ինչ անելու ցանկությունը վկայում է կոնկրետության վակուում: Գերմանացիները դեռ չեն հասկացել, որ Ռուսաստանի համար շատ ավելի կարևոր խնդիր կա՝ քարոզչություն, որով ռուսաստանցիներն ապրում են ավելի շատ, քան ռեալիզմով: Իսկ քարոզչությունը բարձր հիմքերի վրա է՝ նույնիսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դա հաստատեց:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ